Ուկրաինան վերսկսել է նավթի մղումը «Դրուժբա» խողովակաշարով
Ուկրաինան վերսկսել է նավթ մղել «Դրուժբա» խողովակաշարով։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիս Սակովան, տեղեկացնում է Meduza-ն։
Ապրիլի 22-ի առավոտյան ուկրաինական կողմից ճնշումը սկսել է մեծանալ, և խողովակաշարը լցվել է։ Սակովան հայտարարել է, որ հաջորդ առավոտյան նավթը կսկսի հոսել դեպի Սլովակիա։
«Դրուժբա» խողովակաշարը հունվարից ի վեր անգործության էր մատնվել։ Ուկրաինան պնդում էր, որ այն վնասվել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Հունգարիան և Սլովակիան մեղադրել էին Կիևին վերանորոգման աշխատանքները դիտավորյալ ձգձգելու մեջ։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի հանդեպ իր վետոն կհանի միայն այն դեպքում, երբ կրկին սկսի նավթ ստանալ «Դրուժբա» խողովակաշարով:


