ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինան մեղադրում է Վրաստանին ՌԴ-ին աջակցելու մեջ. Վրաստանի պատասխանը

Ուկրաինան մեղադրում է Վրաստանին ՌԴ-ին աջակցելու մեջ. Վրաստանի պատասխանը

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը Վրաստանի կառավարությանը մեղադրել է Ռուսաստանին ներքին կարգով աջակցելու և մաքսանենգությանը չմիջամտելու գործում:

«Միջազգային պատժամիջոցների սահմանման պատճառով Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է ռազմական, երկակի նշանակության և քաղաքացիական ապրանքների մեծ տեսականի մատակարարելու հնարավորությունը։ Պատժամիջոցներից խուսափելու համար ռուս գործակալները մաքսանենգության ուղիներ են ստեղծում, որոնք, մասնավորապես, անցնում են Վրաստանի տարածքով։ Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարությունը հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին հանձնարարել է չմիջամտել մաքսանենգների գործունեությանը»,- ասվում է ուկրաինական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Վրաստանի ֆինանսների նախարարությունը հերքել է Ուկրաինայի հայտարարությունը՝ կոչելով այն «միանգամայն անհիմն ու անհեթեթ մեղադրանք», հայտնում է aliq.ge-ն։

«Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ ցանկացած տեսակի ապրանք, այդ թվում՝ ռազմական կամ երկակի նշանակության, ինչպես նաև պատժամիջոցների ցանկում նշված ցանկացած ապրանք, ենթակա է մաքսային խիստ հսկողության վրացական իշխանությունների կողմից» — նշված է Վրաստանի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ևս արձագանքել է՝ «բացարձակ սուտ» անվանելով այդ հայտարարությունները։

«Տարածված բացարձակ սուտը, թե իբր Վրաստանն ու Ռուսաստանը գաղտնի բանակցում են, սադրանք է, որի նպատակն է ստվեր գցել Ուկրաինայի և Վրաստանի հարաբերությունների վրա»,- թվիթերյան իր էջում գրել է Կալաձեն:

  • Կիսվել: