երկուշաբթի, հուլիս 20
20 / 7 / 2026
Ուկրաինան հետ է պահանջել 2008-ին Վրաստանին հանձնած ռազմական համալիրները․ Վրաստանը մերժել է

Ուկրաինան հետ է պահանջել 2008-ին Վրաստանին հանձնած ռազմական համալիրները․ Վրաստանը մերժել է

Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Կասյանովի հոդվածը՝ «Ինչպես է Վրաստանն օգնում Ուկրաինային, և որտեղ են մնում խնդիրները», այսօր՝ հունվարի 9-ին, հրապարակել է «Ուկրաինսկա պրավդան», փոխանցում է aliq.ge-ն:

Կասյանովը նշել է, որ Ուկրաինան հետ է պահանջել 2008 թվականի պատերազմի ժամանակ Վրաստանին հանձնված «Բուկի» համալիրները և ԱՄՆ-ից Վրաստանին մատակարարված «Ջավելին» հակատանկային համալիրները։

Կասյանովի խոսքով, չնայած ռազմական օգնություն տրամադրելու Վրաստանի կառավարության կտրուկ մերժմանը, Ուկրաինան հերքում է Վրաստանին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու փորձերի մասին մեղադրանքները։

Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» իշխող խմբակցության պատգամավոր Գիվի Միկանաձեի խոսքով` ուկրաինացի դիվանագետի հայտարարությանն ընդառաջ գնալը կարող է վնասել Վրաստանին:
 
«Այս հայտարարությունը, հնարավոր է, Վրաստանին ինչ-որ կերպ պատերազմի մեջ ներքաշելու ևս մեկ փորձ է։ Մենք մեկ անգամ ևս կտրականապես և հստակ հայտարարում ենք, որ մեր կառավարության կողմից չեն կարող ձեռնարկվել այնպիսի քայլեր, որոնք կարող են Վրաստանը որպես ռազմական գործողությունների կողմ ներկայացնել և պատերազմի մեջ ներքաշվելու վտանգ գոյացնել»,-հայտարարել է վրացի պատգամավորը։
Նա ավելացրել է, որ Վրաստանը կշարունակի Ուկրաինային քաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերել։
 
«Սակայն ինչ վերաբերում է ռազմական կողմին` մենք առաջին հերթին կհոգանք, որ մեր երկիրը չներքաշվի ռազմական գործողությունների մեջ, և որ այս երկրում խաղաղությունը կայուն ապահովված լինի»,-ընդգծել է Միկանաձեն:
 

  • Կիսվել: