Ուկրաինան չի հանձնվի, Կիևը մտադիր չէ կատարել ՌԴ-ի առաջադրած պահանջները. Կուլեբա
Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարները Անթալիայում կայացած հանդիպմանը քննարկել են հրադադարի հարցը և պայմանավորվել են ուղիներ փնտրել հումանիտար խնդիրների լուծման համա, ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Կուլեբան, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք բարձրացրել ենք 24-ժամյա հրադադարի հարցը, որպեսզի լուծենք առավել մարդասիրական խնդիրները։ Այս հարցում մենք առաջընթացի չենք հասել, քանի որ թվում է, թե դրա վերաբերյալ Ռուսաստանում այլ մարդիկ են որոշում կայացնում՛՛:
Նա նաև հավելել է, որ իրենք պայմանավորվել են շարունակել հումանիտար հարցերի լուծումներ գտնելու փորձերը։ ՛՛Ես պատրաստ կլինեմ կրկին հանդիպել այս ձեւաչափով, եթե արդյունավետ բանավեճի եւ լուծումներ գտնելու հեռանկարներ կան՛՛,-ասել է նա:
Ուկրաինայի ԱԳ նախարարի խոսքով՝ ինքն Անթալիա է ժամանել երկու խնդրով՝ Մարիուպոլից հումանիտար միջանցք եւ 24-ժամյա զինադադար կազմակերպելու համար:
Կուլեբան նաև նշել է, որ Կիեւը մտադիր չէ կատարել Ռուսաստանի առաջադրած պահանջները:
՛՛Ուկրաինան չի հանձնվել, չի հանձնվում եւ չի հանձնվի՛՛,-ասել է Կուլեբան: