հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Թուրքիայում քննարկվում է ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ խստացումներ նախատեսող օրինագիծ

Թուրքիայում քննարկվում է ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ խստացումներ նախատեսող օրինագիծ

Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած «Türkiye» թերթը գրել է, որ Արդարադատության նախարարությունը պատրաստել է օրինագիծ, որով նախատեսվում են սահմանափակումներ ԼԳԲՏ+ անձանց իրավունքների ոլորտում։ Ըստ հրապարակման՝ «կենսաբանական սեռին հակասող վարքագիծ դրսևորելու կամ դա հրապարակայնորեն խրախուսելու» համար կարող է սահմանվել մեկից երեք տարվա ազատազրկում, գրում է ermenihaber.am-ը:

Նախագիծը նաև խստացնում է սեռափոխության ընթացակարգերը։ Թույլտվություն ստանալու համար նախատեսվում է 25 տարեկանից բարձր և չամուսնացած լինելու պահանջ, ինչպես նաև պարտադիր բազմակի բժշկական փորձաքննություններ։ Բացի այդ, օրինագծում առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել օրենքով նախատեսված կարգին հակառակ իրականացված սեռափոխության միջամտությունների համար՝ ինչպես բժշկական անձնակազմի, այնպես էլ միջամտության ենթարկվող անձի նկատմամբ։

ԼԳԲՏ+ կազմակերպությունները մտահոգություն են հայտնել՝ նշելով, որ նման նախաձեռնությունները նախկինում արդեն հանվել էին խորհրդարանական փաթեթներից հանրային քննադատությունից հետո, սակայն այժմ կարող են ներկայացվել առանձին օրենքի տեսքով։ 15 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ կոչ են արել իշխանություններին հրաժարվել նախաձեռնությունից՝ այն գնահատելով որպես խտրական և մարդու իրավունքներին հակասող քայլ։

  • Կիսվել: