Թուրքիայում այսօր նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են
Թուրքիայում, այսօր՝ մայիսի 14-ին տեղի են ունենում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։
Թեեւ ընտրություններից առաջ սոցհարցումների մեծ մասի դեպքում ընդդիմությունն է հաղթող համարվում, սակայն ներկայում Էրդողանի Թուրքիայում հնարավոր են անսպասելի զարգացումներ, հաշվի առնելով նախորդ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած հոսանքների անջատումները, լցոնումներն ու կրկնակի քվեարկությունները։
Ընտրությունները սկսվելու են ժամը 8-ին եւ ավարտվելու են 17-ին։
Ժամը 18-21-ը ընտրությունների հետ կապված տվյալներ տրամադրելու է միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ 21:00–ից հետո արդեն ազատ կլինի։
Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 64 մլն 113 հազար, որոնցից 3 մլն–ը ընտրություն են կատարելու արտասահմանում դիվանագիտական ներկայացուցչություններում։
Նախագահի 4 թեկնածուներից միմյանց հետ իրականում մրցելու են երկուսը՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ընդդիմադիր 6 կուսակցությունների բլոկի ընդհանուր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։