շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիայում անհայտ անձինք ալևիների տների պատերին ռասիստական գրություն են թողել

Թուրքիայում անհայտ անձինք ալևիների տների պատերին ռասիստական գրություն են թողել

Թուրքիայում անհայտ անձինք հերթական անգամ ռասիստական գրություններ են թողել ալևիների տների պատերին: Այս անգամ դեպքը պատահել է երկրի հյուսիսարևմտյան Յալովա քաղաքում: Յալովայի Բաղլարբաշ թաղամասի՝ ալևիներին պատկանող 5 տների պատերին անհայտ անձինք թողել են «X» նշանն ու «Alevi» գրությունը, գրում է Ermenihaber.am-ը։

Գրությունը հայտնաբերած ալևի բնակիչները դիմել են ոստիկանություն: Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ սկսել է հետաքննություն: Այդ գրությունների լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում:

Հաջի Բեքթաշ Վելի անատոլիական մշակույթի հիմնադրամի Յալովայի մասնաճյուղի ղեկավար Ֆիքրեթ Դեմիրը միջադեպի կապակցությամբ  մտահոգություններ է հայտնել․ 

«Հանրության նյարդերի հետ են խաղում։ Մենք դեմ ենք ալիևիներին սադրող այս խտրականությանը։ Հետևողական ենք լինելու»։

Հիշեցնենք, որ ալևիները Թուրքիայում պաշտոնապես համարվում են իսլամի շիա ուղղության հետևորդ համայնք, բայց մի շարք ալևիների կողմից այս տեսակետը չի ընդունվում: Ոմանք պնդում են, որ ալևիզմը, որը դավանում են միլիոնավոր քրդեր, զազաներ և թուրքեր, առանձին կրոն է և իր մեջ սինթեզում է իսլամի, քրիստոնեության, հուդայականության և անգամ հեթանոսության տարրեր: Ալևիներն իրենք իրենց հաճախ անվանում են «քըզըլբաշ»: Բազմաթիվ պատմաբաններ դեռևս չեն գտնում ալևիների ծագման և կրոնական ինքնության հետ կապված մի շարք հարցերի պատասխաններ:

  • Կիսվել: