կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիայում 36 լիճ ցամաքել է, 14-ն էլ ցամաքելու եզրին է

Թուրքիայում 36 լիճ ցամաքել է, 14-ն էլ ցամաքելու եզրին է

Թուրքիայի հյուսիսարևմտյան Թեքիրդաղ նահանգի «Նամըք Քեմալ» համալսարանում անցկացվել է «Գյուղատնտեսությանը սպառնացող վտանգ․ երաշտ» թեմայով համաժողով, գրում է ermenihaber.am-ը:

Համաժողովին մասնակցել է համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի կենսահամակարգերի ճարտարագիտության բաժնի դասախոսական անձնակազմի անդամ, դոկտոր-պրոֆեսոր Ֆաթիհ Քոնուքչուն, ով հայտարարել է, որ կլիմայական փոփոխությունները Թուրքիայի վրա վատ հետևանքներ են ունեցել։

Նա մասնավորապես նշել է, որ կլիմայական գլոբալ փոփոխությունների և տաքացումների հետևանքով վերջին 50 տարում Թուրքիայում գտնվող ճահճային հատվածների կեսից ավելին ցամաքել են։

«Մեր լճերից 36-ը ցամաքել են կես դարում, իսկ 14-ը ցամաքելու վտանգի տակ են։ Թուրքիայում յուրաքանչյուր 5-ից 6 տարին մեկ չորացնող կլիմա է լինում, 10-ից 12 տարին մեկ էլ՝ ուժեղ երաշտ։ Ընդհանուր առմամբ 23 մլն հեկտար գյուղատնտեսական հողերից 72 տոկոսը կախում ունեն անձրևներից։ Հողերից միայն 28 տոկոսն ենք միայն կարողանում ոռոգել»։

Քոնուքչուն նաև հիշեցրել է, որ 2007-ին Թուրքիայում տնտեսական ուժեղ ճգնաժամ է եղել, ինչի հետևանքով էլ գյուղատնտեսական արդյունաբերությունը շուրջ 8 տոկոսով նվազել է։

  • Կիսվել: