երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիայի ռազմարդյունաբերությունը միշտ Ադրբեջանի տրամադրության տակ է. թուրք պաշտոնյա

Թուրքիայի ռազմարդյունաբերությունը միշտ Ադրբեջանի տրամադրության տակ է. թուրք պաշտոնյա

Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը մշտապես Ադրբեջանի տրամադրության տակ է՝ իր անօդաչու թռչող սարքերով, հրթիռներով, զինամթերքով, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և այլն, ինչպես նաև փորձով և հմտություններով, գրում է parstoday.com-ը;

Այս մասին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը հայտնել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովին և Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուսթաֆաևին։

Թուրքիան հայ-ադրբեջանական սահմանին բախումների հարցում իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին՝ հայտարարելով, որ նրանց կողքին է «տարածքային ամբողջականության» պաշտպանության հարցում։ Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Հայաստանը «անպայման պետք է վճարի» հայ-ադրբեջանական բախումների և ադրբեջանցի զոհված զինծառայողների համար։

Դեռ հուլիսի սկզբին Զաքիր Հասանովը հայտարարել էր Թուրքիայից ԱԹՍ-ներ ձեռք բերելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Գործարքը հնարավոր է լինի հարվածային Bayraktar TB2-ների կամ Anka-S-երի շուրջ:

Bayraktar TB2-ը թուրքական արտադրության հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։

Anka-S-ը նույնպես հարվածային անօդաչու է, որի գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում 200 կմ է, առավելագույն արագությունը 217 կմ/ժամ է, թռիչքի առավելագույն տևողությունը 24-32 ժամ է։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 200 կգ է։ «Անքա» ԱԹՍ-ի վրա տեղադրված է 6 տարբեր տրամաչափի հրթիռ։

 

  • Կիսվել: