ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայի պաշտպանության նախարարը քննադատել է Աթենքի դիրքորոշումը Անկարայի հետ հակամարտության հարցում

Թուրքիայի պաշտպանության նախարարը քննադատել է Աթենքի դիրքորոշումը Անկարայի հետ հակամարտության հարցում

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարայի հետ ունեցած իր տարրաձայնություններն Աթենքը փորձում է ներկայացնել որպես խնդիրներ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ու Միացյալ Նահանգների միջև։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ TRT Haber հեռուստաալիքին հղումով։

Հիշեցնելով, որ Թուրքիան ու Հունաստանը պարբերաբար հանդիպումներ են անցկացրել խորհրդատվական հարցերով ու վստահության և ՆԱՏՕ-ի ընթացակարգերի շուրջ՝ Աքարը հայտարարել է, որ Հունաստանն այդ հանդիպումները չէր անցկացնում, այլ փորձում էր կանխել դրանց անցկացումը։

Նշելով, որ Թուրքիայի հետ ունեցած իր խնդիրները Հունաստանը փորձում է ներկայացնել որպես խնդիրներ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև՝ Աքարն ընդգծել է, որ այժմ «հունական կողմի հնարքները հասկանալի են բոլորին»։

«Մենք ակնկալում ենք, որ այս հարցում բոլորն ավելի զգույշ կլինեն»,- ասել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ Հունաստանում այժմ բազմաթիվ սկանդալներ կան՝ այդ թվում, գաղտնալսման, ներգաղթի դեպքերի ու կոռուպցիայի հետ կապված։ Բացի այդ, Արևելյան Միջերկրական ծովում Աթենքը ձախողումներ ունի, որոնց մասին հունական հանրությունը տեղյակ է։

«Այդ ամենը քողարկելու համար նրանք հույս ունեն մեծացնել լարվածությունը Թուրքիայի հետ հարաբերություններում», - նշել է նա։

Արձագանքելով Թուրքիային սպառնալիք որակած որոշ հույն քաղաքական գործիչների հայտարարություններին՝ Աքարն ընդգծել է, որ Թուրքիան ոչ մեկին չի սպառնում։

«Թուրքիան վստահելի, ուժեղ, արդյունավետ դաշնակից է։ Թուրքիան ոչ ոքի չի սպառնում»,- ընդգծել է թուրք նախարարը։

  • Կիսվել: