երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Թուրքիայի արդարադատության նախարարը ԱՄՆ-ին եւ Գերմանիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

Թուրքիայի արդարադատության նախարարը ԱՄՆ-ին եւ Գերմանիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ԱՄՆ-ին եւ Գերմանիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ կապված բարերար եւ ակտիվիստ Օսման Քավալայի դատապարտմանը նրանց արձագանքի հետ։

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ «խորապես մտահոգված եւ հիասթափված է» դատավճռից: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Քավալան պետք է անհապաղ ազատ արձակվի։

«Թող զբաղվեն իրենց գործերով։ ԱՄՆ-ը կամ Գերմանիան իրավունք չունեն միջամտել Թուրքիայի ներքին գործերին»,- ասել է Բոզդաղը՝ հավելելով, որ «թուրքական դատական իշխանությունն անկախ է եւ որոշումներ է կայացնում թուրք ժողովրդի անունից»։ «Ես դատապարտում եմ ԱՄՆ-ին, Գերմանիային եւ բոլոր մյուս երկրներին, որոնք հայտարարություններ են արել՝ միջամտելով Թուրքիայի ներքին գործերին»,- ասել է նա։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ապրիլի 25-ին թուրքական դատարանը թուրք հայտնի իրավապաշտպան եւ բարերար Օսման Քավալային դատապարտել է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի՝ նրան մեղավոր ճանաչելով 2013 թվականի հակակառավարական զանգվածային ցույցերի հետ կապված կառավարությունը տապալելու փորձի մեջ:

Ստամբուլի դատարանը նաեւ յոթ այլ մեղադրյալների դատապարտել է 18-ական տարվա ազատազրկման։

Դատավճիռը կայացվել է այն ժամանակ, երբ Եվրոպայի մարդու իրավունքների բարձրագույն մարմինը՝ Եվրոպայի խորհուրդը, դատավարություն է սկսել Թուրքիայի դեմ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելու համար, որը 2019թ. կոչ էր արել ազատ արձակել Քավալային՝ այն հիմնավորմամբ, որ նրա իրավունքները խախտվել են։

Իրավապաշտպան կազմակերպություններն ասում են, որ Քավալային հետապնդում են շինծու հանցանշանների հիման վրա: Նրա գործը գտնվում է ուշադրության կենտրոնում՝ որպես Թուրքիայում օրենքի գերակայության ստուգում:

 

  • Կիսվել: