Թուրքիան ու ԱՄՆ-ն կապի մեջ են Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Պենտագոնի խոսնակ Փեթ Ռիդերը մեկնաբանել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Ըստ նրա՝ Վաշինգտոնը մշտապես կապի մեջ է տարածաշրջանային մի շարք երկրների՝ այդ թվում Թուրքիայի հետ Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:
Հարցին, թե ինչ վերաբերմունք կցուցաբերի ԱՄՆ-ի բանակը, եթե Հալեպը գրաված ընդդիմադիր խմբավորումները դեմ առ դեմ հայտնվեն ԱՄՆ-ի աջակցած Սիրիայի քրդական ուժերին, Ռիդերը նշել է. «Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Հաստատելով, որ ԱՄՆ-ի օդուժի ինքնաթիռները հարվածել են Սիրիայում կառավարական ուժերին պատկանող որոշ թիրախների՝ Պենտագոնի խոսնակը պնդել է, որ այդ հարձակումներն իրականացվել են տարածաշրջանում ամերիկացի զինվորներին պաշտպանելու համար։
Հիշեցնենք, որ Սիրիայի ապստամբ ընդդիմադիրները, որոնց աջակցում է Թուրքիան, լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Սիրիայի բանակի դեմ և տարածքներ գրավել։
Ապստամբների հարձակումն ընդգրկում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող առնվազն 10 շրջան Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում։ Սիրիայում գտնվող ռուսական բանակը, այդ թվում օդուժը ակտիվորեն աջակցում է Սիրիայի կառավարական ուժերին ետ մղելու հարձակումները: