շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիան «S-400»-ների հարցը լուծելու համար որևէ մոդելի կիրառության շուրջ ԱՄՆ-ի հետ քննարկում չի ունեցել

Թուրքիան «S-400»-ների հարցը լուծելու համար որևէ մոդելի կիրառության շուրջ ԱՄՆ-ի հետ քննարկում չի ունեցել

Թուրքիան S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի պատճառով առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար որևէ մոդելի կիրառման վերաբերյալ քննարկում չի անցկացրել ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ թուրքական պետական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցի ժամանակ, գրում է ermenihaber.am-ը:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել էր, որ S-400-ների հարցը կարգավորելու համար իրենք ԱՄՆ-ին կառաջարկեն կիրառել «Կրետեի մոդելը»՝ նկատի ունենալով այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ևս ունի ռուսական S-300 համակարգեր, սակայն դրանք օգտագործում է միայն զորավարժությունների ժամանակ:

«Մենք ամերիկյան կողմի հետ ոչ մի նմանատիպ մոդելի կիրառման մասին քննարկում չենք ունեցել։ Մոդելների կիրառման հարցը ընդհանրապես չի քննարկվել»,- ասել է Չավուշօղլուն, նշելով, որ թուրքական կողմը ԱՄՆ-ին միայն առաջարկել է քննարկել կուտակված խնդիրները, ինչպես օրինակ S-400-ների հարցն է, կամ օրինակ Վաշինգտոնի կողմից աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին` YPG-իին, որին Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն։

Անդրադառնալով Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հնարավոր հանդիպմանը, թուրք նախարարն ասել է.

«Նախագահների մակարդակով հանդիպումը կախված է անձամբ ղեկավարներից։ Կարծում եմ իրավասու չեմ իրենց անունից խոսել, բայց կարծում եմ որ նպատատիպ հանդիպման կազմակերպումն օրակարգում է»,- եզրափակել է Չավուշօղլուն։

Նշենք, որ Կիպրոսի Հանրապետությունը 1998 թվականին Ռուսաստանից գնել էր S-300 ՀՕՊ համակարգերը, սակայն ստիպված եղավ հրաժարվել դրանց ակտիվացումից, քանի որ Թուրքիան ընդհուպ ռազմական գործողություններով էր սպառնում Կիպրոսի հունական հատվածին ռուսական համակարգեր ակտիվացնելու դեպքում: Դրանից հետո Կիպրոսը ռուսական համակարգերը հանձնեց Հունաստանին, որն էլ դրանք տեղակայեց Կրետե կղզում գտնվող ռազմական պահեստներից մեկում՝ առանց ակտիվացնելու: Աթենքը Ս-300-ները 1-ին անգամ օգտագործել է 2013-ին Կրետեում անցկացրած զորավարժություններից մեկի ժամանակ:

 

  • Կիսվել: