Թուրքիան մտադիր է ազդել «Ֆրանսիայում առաջիկայում կայանալիք ընտրությունների վրա». Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 5 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան կփորձի ազդել երկրում առաջիկայում կայանալիք ընտրությունների վրա:
«Սպառնալիքները քողարկված չեն, ուստի ես կարծում եմ՝ մենք պետք է շատ թափանցիկ լինենք»,- ասել է Մակրոնը։
Մակրոնը չի բացատրել՝ ինչպես Թուրքիան կարող է փորձել միջամտել ընտրություններին, կամ արդյո՞ք նկատի ուներ հունիսին կայանալիք տարածաշրջանային ընտրությունները, թե՞ 2022 թվականի նախագահական ընտրությունները։ Նա միայն նշել է, որ Թուրքիան «իր ազդեցությունն է ունենալու հասարակական կարծիքի վրա»:
Միևնույն հարցազրույցի ընթացքում նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան Թուրքիային Եվրոպայի կարևոր գործընկերն է համարում անվտանգության ու միգրացիայի ոլորտներում և թուրքական ղեկավարության կողմից հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ազդակներ է նկատում։
Նրա խոսքով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, բայց պետք է «հստակեցնել նրա տեղն այդ դաշինքում»:
Ըստ նրա՝ դաշնակիցները, սովորաբար, միմյանց նկատմամբ թույլ չեն տալիս այնպիսի քայլեր, ինչպիսին Թուրքիան է արել, օրինակ՝ զինյալների և սպառազինության տեղակայումը Լիբիայում և «ոչ բարեկամական գործողություններն Արևելյան Միջերկրականում»: