հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Թուրքիան դադարել է լիցքավորել եւ սպասարկել ՌԴ-ի եւ Բելառուսի ամերիկյան արտադրության ինքնաթիռները

Թուրքիան դադարել է լիցքավորել եւ սպասարկել ՌԴ-ի եւ Բելառուսի ամերիկյան արտադրության ինքնաթիռները

Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել արգելել Ռուսաստանի եւ Բելառուսի ամերիկյան արտադրության ինքնաթիռների լիցքավորումն ու տեխնիկական սպասարկումը:

Այս մասին տեղեկացրել է թուրքական AirportHaber պարբերականը։ Պարբերականի տվյալներով՝ արգելքը վերաբերելու է ռուսական յոթ, բելառուսական մեկ եւ իրանական մեկ ավիափոխադրողների։
 
Ստամբուլում ինքնաթիռների լիցքավորումից հրաժարվելը հաստատել են «Ъ»-ի աղբյուրները երկու ավիաընկերություններում։ «Աշխատում ենք խնդրի լուծման ուղղությամբ»,- նշել է զրուցակիցներից մեկը։
«Աերոֆլոտում»  տեղեկացրել են, որ ավիաընկերությունը «թռիչքներ է կատարում Թուրքիայի քաղաքներ հաստիքային ռեժիմով, ըստ չվացուցակի, թռիչքների հայտարարված ծրագրի շրջանակում»։
 
Ինչպես նշվել է AirportHaber-ի հրապարակման մեջ, լիցքավորումը եւ այլ ծառայություններն արգելվել են մասնավոր, բեռնատար, կոմերցիոն եւ չարթերային ինքնաթիռների համար, որոնք ունեն ամերիկյան բաղադրամասերի ավելի քան 25 տոկոս եւ թռչում են Ռուսաստան կամ Բելառուս։ Այս միջոցների կիրառումը պահանջել է, ըստ թուրքական պարբերականի, ԱՄՆ առեւտրի նախարարության Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն իր հատուկ նամակում։
 
Մարտի սկզբից թուրքական մաքսային մարմինները սկսել են մերժել ԵՄ-ի պատժացուցակներում ներառված բեռների տարանցման հայտարարագրերը։ Մարտի 15-ին Անկարայում ՌԴ-ի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել է «բեռների տեղափոխման կանոնների որոշակի խստացման մասին», սակայն այդ պահի դրությամբ ռուս բեռնափոխադրողներին հաջողվել էր ելք գտնել ստեղծված իրավիճակից։

  • Կիսվել: