երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքական ներկայություն՝ «Հայկական ավիաուղիներում»․ «Հետք»

Թուրքական ներկայություն՝ «Հայկական ավիաուղիներում»․ «Հետք»

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, որը ներկա պահին Հայաստանում կոմերցիոն նպատակներով օդանավ շահագործելու իրավունք ունեցող 9 փոխադրողներից մեկն է, միակն է հայկական ավիացիայում, որի սեփականատերերի մեջ թուրք կա: Ավելին՝ այս ավիաընկերությունը փոխկապակցված է թուրքական արմատներով մեկ այլ ընկերության հետ: Այս մասին գրում է «Հետքը»։

Հիշեցնենք, որ 2021 թ. փետրվարին հիմնադրված «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն ոչ մի առնչություն չունի 1990-ականների Հայաստանի ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» պետական ՓԲԸ-ի հետ, որը սնանկ է ճանաչվել 2003-ին եւ լուծարվել 2020-ի դեկտեմբերին: Դրանից հաշված շաբաթներ անց ավիատոր Արարատ Սարգսյանը գրանցել է «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն եւ որպես տարբերանշան ընտրել լուծարված «ՀԱՈւ»-ի երբեմնի հայտնի լոգոն: 2022-ի դեկտեմբերին Սարգսյանի ընկերությունը Քաղավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել, ինչը նրան իրավունք է տալիս կոմերցիոն նպատակներով թռիչքներ իրականացնել:

2022 թ. դեկտեմբերին Հայաստան է բերվել եւ նույն ամսում ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել նոր «ՀԱՈւ»-ի առաջին ինքնաթիռը՝ «Airbus A321» տեսակի, հայկական գրանցումը՝ EK-AAD: Երկրորդ «Airbus A321»-ը Հայաստան է տեղափոխվել ու մեր երկրի գրանցում ստացել (EK-AAB) 2023 թ. ապրիլին: Օդանավեը վարձակալված են լիզինգով, իսկ սեփականատերը իր դուստր ընկերությունների միջոցով ամերիկյան հայտնի «Air Lease Corporation»-ն է։

Ներկայում «Հայկական ավիաուղիները» Երեւանից թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա, Սոչի, Սամարա, Ստամբուլ: Ըստ ընկերության ֆեյսբուքյան էջի՝ նախատեսվում են նոր չվերթեր դեպի Դելի, Թեհրան, Բեյրութ, Բաթում:

Արարատ Սարգսյանը, որը հիմնադրման պահից նաեւ ընկերության տնօրենն է, մինչեւ 2023-ի հունվարը միակ սեփականատերն էր: Սակայն այս տարեսկզբին ՍՊԸ-ում հայտնվել են նոր փայատերեր, ինչը, մեծ հաշվով, անակնկալ չէ:

Սարգսյանի ընկերությունների կապը թուրք գործարարի «Պեգաս Տուրիստիկի» հետ

Նախկինում գրել ենք, որ Սարգսյանի «Ալյանս Ավիաընկերություն» ՍՊԸ-ն, որն ուներ ՕՇՎ, բայց այդպես էլ երկինք չբարձրացավ, ներկայում, ըստ համացանցի բաց աղբյուրների, ռուսական «Северный ветер» («Հյուսիսային քամի») ՍՊԸ-ի ներկայացուցիչն է Հայաստանում, իսկ ռուսական այս ավիաընկերությունն առավել հայտնի է որպես «Nordwind Airlines»։ Վերջինիս 4,9 %-ի սեփականատերը գործարար Կարինե Վիտալեւնա Բուկրեյն է, իսկ մնացած 95,1 %-ինը՝ ռուսական «Պեգաս» ՍՊԸ-ն, որն իր հերթին ամբողջությամբ պատկանում է նույն Կարինե Բուկրեյին։ Այսինքն՝ «Nordwind Airlines»-ի միակ փաստացի սեփականատերը Կ․ Բուկրեյն է։ Վերջինս, ըստ «Կոմերսանտի», թուրք գործարար Ռամազան Աքպինարի կինն է, իսկ Աքպինարը ռուսական «Պեգաս Տուրիստիկ» ՍՊԸ-ի տերն է:

 

«Պեգաս Տուրիստիկը» բավականին հայտնի ու խոշոր ընկերություն է տուրիզմի ոլորտում։ Հենց սա է համարվում ոչ միայն «Nordwind Airlines»-ի, այլեւ մեկ այլ ռուսական փոխադրողի՝ ««Իկար» ավիաընկերություն» ՍՊԸ-ի (2015-2022 թթ․ ներկայանում էր «Pegas Fly» ապրանքանիշով) գլխադասային ընկերությունը։ Ընդ որում՝ «Իկարի» միանձնյա սեփականատերը հենց Կարինե Բուկրեյն է։ Այդուհանդերձ, բոլոր այս ռուսական ընկերությունների իրական սեփականատեր է համարվում Ռ. Աքպինարը։ «Պեգաս Տուրիստիկին» փոխկապակցված է նաեւ թուրքական նորաստեղծ «Southwind Airlines»-ը (թարգմանաբար՝ հարավային քամի), որի անունն ու լոգոն մտածված են ռուսական «Nordwind Airlines»-ի նմանությամբ։

Նկատենք, որ «Հայկական ավիաուղիների» առաջին ինքնաթիռը՝ EK-AAD-ն, որը 2021-2022 թթ. կայանված էր Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում, ըստ planespotters.net-ի, պետք է տեղափոխվեր Թուրքիա՝ միանալու տեղական «Southwind Airlines»-ի շարժակազմին, բայց արդյունքում տեղափոխվեց Երեւան՝ միանալով «ՀԱՈւ»-ին։

Իսկ հայկական օպերատորի երկրորդ ինքնաթիռը՝ EK-AAB-ն, 2017-2022 թթ. շահագործվում էր ռուսական «Nordwind Airlines»-ի կողմից, սակայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022 թ. փետրվարին ներխուժեց Ուկրաինա եւ հայտնվեց արեւմտյան պատժամիջոցների տակ, այդ թվում՝ ավիացիայի ոլորտում, նույն տարվա մարտին այս «Airbus A321»-ը Ռուսաստանից տեղափոխվեց Ստամբուլ, իսկ հետո՝ Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա, որտեղից էլ այս տարի բերվեց Երեւան:

Այսքանից հետո երեւի տարօրինակ չպիտի լինի, որ «ՀԱՈւ»-ի նոր տերեր են դարձել «Պեգաս Տուրիստիկին» փոխկապակցված անձինք:

Ովքե՞ր են «ՀԱՈւ»-ի նոր տերերը

Այսպես՝ 2023 թ. հունվարին երեւանցի Արարատ Սարգսյանին է մնացել իր նախկին 100 % փայից ընդամենը 10 %-ը:

22 %-ի սեփականատեր է գրանցվել ՀՀ քաղաքացի, մեծամորցի Հերմինե Հովհաննիսյանը: Վերջինս, ըստ իր ֆեյսբուքյան էջի, նախկինում աշխատել է թուրքական «AtlasGlobal» ավիաընկերությունում, որը ժամանակին Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ թռիչքներ էր իրականացնում: «AtlasGlobal»-ը սնանկացման գործընթաց է սկսել 2020-ի տարեսկզբին ու դադարեցրել է բոլոր թռիչքները: Հ. Հովհաննիսյանը, նույն տվյալների համաձայն, աշխատում է նաեւ Ստամբուլի «Kaçkar Tour» տուրիստական գործակալությունում: Սրա անունը ծագում է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արեւելքում գտնվող Խաչքարի կամ Խաղտյաց լեռների անունից:

2023-ի հունվարին «ՀԱՈւ»-ի 19 %-ի սեփականատեր է դարձել ՀՀ քաղաքացի, երեւանցի Միխայիլ Ասրիյանը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, ծագումով՝ Սամարայից: Ասրիյանը անմիջական կապ ունի ռուսական «Պեգաս Տուրիստիկի» հետ, նախկինում աշխատել է այս ընկերության ղազախական մասնաճյուղում: 2013-ին Ասրիյանը Երեւանում հիմնել է նույնանուն՝ «Պեգաս Տուրիստիկ» ՍՊԸ-ն, որը 2014-ին անվանափոխվել է՝ դառնալով «Արիոն Տուր». սա եղել ու մնում է ռուսական ընկերության ներկայացուցչությունը ՀՀ-ում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: