շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Թուրքական բանկերը սկսել են մերժել Ռուսաստանից Եվրոպա կատարվող վճարումները

Թուրքական բանկերը սկսել են մերժել Ռուսաստանից Եվրոպա կատարվող վճարումները

Թուրքիայի բանկերը սկսել են զանգվածաբար մերժել ռուսական ընկերություններին Եվրամիություն եւ այլ երկրներ վճարումներ կատարելու հարցում, «Ведомости»-ին ասել են երեք աղբյուրներ։

Նրանց խոսքով՝ անցած անգամ նման վիճակ նկատվել էր տարեսկզբին, երբ թուրքական բանկերը, ինչպես եւ «բարեկամ» այլ երկրների վարկային կազմակերպությունները սկսել էին մտահոգվել ԱՄՆ երկրորդային պատժամիջոցներից ռուսական ընկերությունների հետ աշխատելու համար։ Սակայն տրանզակցիաներն աստիճանաբար վերականգնվել էին։

Ամռանը խնդիրները նորից ի հայտ եկան։ Եվրոպական բանկերը ժամանակ առ ժամանակ սկսեցին չընդունել թուրքական վճարումներն այն ապրանքների համար, որոնք հօգուտ ռուսական բիզնեսի մատակարարների էին, ասում է ներմուծողներից մեկը։ Պարբերականի մյուս զրուցակիցը հաստատում է սա. Թուրքիայի միջոցով ապրանքի համար վճարելու փորձի ժամանակ մատակարարը Բուլղարիայից խնդրել է  փողերը փոխանցել «նորմալ» երկրի միջոցով։

Եվրոպական վարկային կազմակերպությունների խստությունները հանգեցրել են այն բանին, որ սեպտեմբերի սկզբին թուրքական բանկերն արդեն սկսել են մերժել տարանցիկ վճարումները, ասում է աղբյուրը։ Նրա խոսքով՝ անգամ բանկին մատակարարումների մասին լրացուցիչ փաստաթղթերի տրամադրումը խնդիրը չի լուծում։

 

  • Կիսվել: