երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տրիպոլիում զինված բախումներ են սկսվել

Տրիպոլիում զինված բախումներ են սկսվել

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի հարավային ծայրամասերում զինված բախումներ են սկսվել, տեղեկացնում է Al Jazeera-ն:

Նշվում է, որ, ըստ ականատեսների, օգոստոսի 14-ի ուշ երեկոյան գրեթե երկու ժամ հրաձգության ձայներ են լսվել: 

Տեղի լրատվամիջոցներն էլ տեղեկացնում են, որ բախումների պատճառ է դարձել, հավանաբար, այն, որ օդանավակայանում հատուկ զսպման ուժերի կողմից ձերբակալվել է Տրիպոլիի մեծ մասը վերահսկող 444-րդ բրիգադի հրամանատարներից մեկը:

Ըստ Libya al-Ahrar հեռուստաալիքի՝ շտապօգնության մի քանի մեքենաներ ուղղություն են վերցրել դեպի մայրաղաղաքի Այն Զառայի շրջանում գտնվող առևտրի կենտրոն։ Բժշկական հաստատությունները բերվել են արտակարգ դրության ռեժիմի, տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն ստացվել։

Հեռուստաալիքը հաղորդում է, որ Լիբիայի զինված կազմավորումները, որոնք կապված են հակամարտող քաղաքական ուժերի հետ, հաճախ բաց առճակատման մեջ են մտնում, որի հետևանքով բազմաթիվ զոհեր են լինում։

Al Jazeera-ն նշում է, որ 2011 թ.-ին Լիբիայում տեղի ունեցած ապստամբությունից հետո՝ 2014 թ.-ից, երկրի վերահսկողությունը բաժանված է միմյանց դեմ պատերազմող արևելյան և արևմտյան խմբակցությունների միջև: 2020 թ.-ից երկրում հրադադար է հայտարարվել, որը, սակայն, երկարատև քաղաքական լուծման չի հանգեցրել:

 

  • Կիսվել: