Թրամփը սպառնացել է կրկին հարվածել Իրանին՝ ուրանի հարստացման ծրագրի վերականգնման դեպքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «վերջ են դրել» Իսրայելի և Իրանի միջև պատերազմին, իսկ Թեհրանի միջուկային ծրագիրը մի քանի տասնամյակով «հետ է ընկել»։ Այս մասին Թրամփն ասել է Հաագայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Reuters գործակալության՝ Թրամփին նաև հարց են ուղղել արտահոսած հետախուզական տվյալների մասին, համաձայն որոնց ամերիկյան հարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագիրը և ընդամենը մի քանի ամսով են դանդաղեցրել այդ գործընթացը։ Թրամփը նշել է, որ հարվածներն, իր կարծիքով, հանգեցրել են «լիակատար ոչնչացման»։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ հետախուզական տվյալները վերջնական չեն, սակայն հարվածը կարող էր շատ ուժեղ լիներ։
Թրամփին նաև հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ-ն կրկին հարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի ուրանի հարստացման իր ծրագիրը։
«Իհարկե», - պատասխանել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը լավ է ընթանում՝ հավելելով, որ 12-օրյա հակամարտության ավարտը «մեծ հաղթանակ էր բոլորի համար»։
«Վերջին բանը, որը նրանք (Իրանը) ցանկանում են անել, որևէ բան հարստացնելն է, նրանք ցանկանում են վերականգնվել։ Եվ մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա.... Ռազմական ճանապարհով մենք թույլ չենք տա դա», - հայտարարել է Թրամփը։
Հրադադարի մասին նա ասել է, որ դրան կողմ են եղել թե՛ Իսրայելը, թե՛ Իրանը։
«Նրանք երկուսն էլ ասացին՝ բավական է», - հավելել է նա։