Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ. ինչ են քննարկել
Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան:
Կողմերը քննարկել են Սիրիայի անցումային շրջանի զարգացումները և անվտանգության ու կայունության ամրապնդման ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կայունությանը նպաստող երկկողմ համագործակցության հեռանկարները։
Ալ-Շարաան վերահաստատել է Սիրիայի լիակատար հավատարմությունն իր տարածքի միասնությանը և ազգային ինքնիշխանությանը: Նա ընդգծել է միջազգային ջանքերի միավորման կարևորությունը՝ կանխելու ահաբեկչական կազմակերպությունների, առաջին հերթին՝ ԴԱԻՇ-ի վերադարձը։
Սիրիայի նախագահի խոսքով՝ «նոր Սիրիան» հավատարիմ է բաց քաղաքականության մոտեցմանը և օգնության ձեռք է մեկնում բոլոր միջազգային կողմերին՝ հիմնվելով ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա։
Իր հերթին Թրամփը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Սիրիայի ժողովրդի միասնական և ուժեղ պետություն կառուցելու ձգտումներին և ողջունել է հրադադարի համաձայնագիրը, ինչպես նաև աջակցություն հայտնել ռազմական ուժերի, այդ թվում՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի՝ պաշտոնական պետական ինստիտուտներին ինտեգրման վերաբերյալ համաձայնագրերին։


