Թրամփի «Խաղաղության խորհրդի» ղեկավարների նիստին Իսրայելը կներկայացնի ԱԳ նախարարը
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» առաջին պաշտոնական նիստին, որը տեղի կունենա փետրվարի 19-ին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելցի երկու պաշտոնյաների:
Իրենց հերթին ԱՄՆ պաշտոնյաներն այս շաբաթ Reuters-ին հայտնել են, որ Թրամփը Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ կհայտարարի Գազայի բազմամիլիարդանոց վերականգնման ծրագրի և ՄԱԿ-ի կողմից թույլատրված ուժերի ստեղծման մանրամասն պլանների մասին՝ պաղեստինյան անկլավի կայունացման նպատակով։
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ նիստում հիմնական ուշադրությունը կկենտրոնանա Գազայի վրա, որտեղ երկու տարվա պատերազմի հետևանքով պաղեստինյան անկլավի մեծ մասը վերածվել է ավերակների։
Աղբյուրը հիշեցնում է, որ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը նախորդ տարի համաձայնել են Թրամփի պլանին, իսկ հոկտեմբերին ուժի մեջ է մտել հրադադարի համաձայնագիրը։ Ավելի քան 590 պաղեստինցի, որոնցից շատերը քաղաքացիական անձինք են, և չորս իսրայելցի զինվոր են սպանվել դրան հաջորդած բռնությունների ընթացքում։
Երկու կողմերը մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմի խախտման մեջ, չնայած Թրամփի վարչակազմը պնդում է, որ պետք է առաջ շարժվել՝ դեպի պլանով նախատեսված հաջորդ քայլերը, որոնցից մեկը միջազգային կայունացման ուժերի տեղակայումն է, քանի որ իսրայելական զորքերը շարունակում են դուրս բերվել, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ զինաթափվել։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Թրամփը կհայտարարի, որ որոշ երկրներ նախատեսում են մի քանի հազար զինծառայող տրամադրել կայունացման ուժերի համար, որոնք, ինչպես սպասվում է, կտեղակայվեն Գազայում առաջիկա ամիսներին։
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ը մերժում է զենքը վայր դնելու պահանջը, իսկ Իսրայելը հայտարարել է, որ եթե խմբավորումը չզինաթափվի խաղաղ ճանապարհով, Իսրայելը ստիպված կլինի դա ուժով անել։


