Տոկաևը Խաղաղության խորհուրդն անվանել է հարթակ նորարարական մոտեցմամբ և խաղաղության իրական առաջարկով
Ղազախստանը Գազայի հատվածի կառավարման համար ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը համարում է ոչ թե ևս մեկ համաժողով անվերջ քննարկումների համար, այլ հարթակ՝ տնտեսական զարգացման միջոցով խաղաղության իրական առաջարկով։ Այս կարծիքը հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը The National Interest հանդեսի համար գրած իր հոդվածում։
«Դա ևս մեկ համաժողով չէ՝ նախատեսված անվերջ քննարկումների համար։ Դա գործնական նախաձեռնություն է՝ ուղղված արդյունքների հասնելուն, հատկապես Գազայում և Մերձավոր Արևելքում, - գրել է Տոկաևը «Հուսալիությունը նոր ուժ է» հոդվածում։ - Այդ նախաձեռնությունը սկզբունքորեն տարբերվում է իր տրամաբանությամբ։ Սպիտակ տունն առաջարկել է հիրավի նորարարական մոտեցում. իրենց սպառած քաղաքական բանաձևերը կրկնելու փոխարեն՝ այն առաջադրել է հստակ հայեցակարգ՝ խաղաղություն կայուն տնտեսական զարգացման միջոցով»։
Ղազախստանի նախագահը նշել է, որ Խաղաղության խորհրդին անդամակցելն Աստանայի համար դարձել է Աբրահամյան համաձայնագրերին (կնքված 2020-2021 թթ. ԱՄՆ միջնորդությամբ արաբական երկրների խմբի և Իսրայելի միջև) միանալու որոշման շարունակությունը, որը ոչ թե պարզապես դիվանագիտական ժեստ է, այլ ռազմավարական ընտրություն:
Տոկաևը նշել է, որ երկար տարիների ընթացքում համաշխարհային քաղաքականությունը կողմնորոշված էր դեպի միջազգային կարգի կառուցումը, սակայն ժամանակի ընթացքում այդ հայեցակարգը խեղաթյուրվել է:
Տոկաևի խոսքով՝ աշխարհն այժմ մերժում է ոչ թե համագործակցությունը, այլ պատրանքները և պետք է հենվի պատասխանատվության, օրենքի գերակայության, կանխատեսելիության և մշակութային ու ազգային ինքնության նկատմամբ հարգանքի վրա։
Աստանան Խաղաղության խորհրդի մասնակից է դարձել հունվարին այն բանից հետո, երբ Տոկաևը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ստորագրել է կազմակերպության կանոնադրությունը։ Փետրվարի 19-ին Տոկաևը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին, որը տեղի կունենա Վաշինգտոնում:
Խաղաղության խորհրդի նիստին մասնակցելու համար Վաշինգտոնում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


