կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Թեհրանում կլինեն Շուշի, Թբիլիսի, Բադքուբա, Նարդարան, Աբխազիա անուններով փողոցներ

Թեհրանում կլինեն Շուշի, Թբիլիսի, Բադքուբա, Նարդարան, Աբխազիա անուններով փողոցներ

Նոյեմբերի 23-ին Թեհրանի քաղաքային խորհուրդը օրենք է ընդունել, որով փոխում է Իրանի մայրաքաղաքի զբոսայգու և 38 հանրային ճանապարհների անվանումները, այդ թվում՝ մի քանի փողոց անվանակոչելով ադրբեջանական քաղաքների և շրջանների անուններով՝ գրում է intellinews-ը:

Ակնկալվում է, որ հատկապես երկու անվանափոխություն կառաջացնի Ադրբեջանի իշխանությունների բացասական արձագանքը: Քաղաքապետարանը որոշել է Փանահի նրբանցքը անվանափոխել Նարդարան: Համանուն գյուղ կա Բաքվի ծայրամասում, որը հայտնի է իր խիստ կրոնական շիա համայնքով և համարվում է շիա մուսուլմանների  կենտրոնը:

Երկու նրբանցք էլ ստացել են Սալյան և Լանքարան անվանումները՝ Ադրբեջանի երկու հարավային շրջանների անուններով, որտեղ բնակվում են իրանախոս թալիշները: 

Օրենքի համաձայն՝ Թեհրանի 6-րդ թաղամասի տարածքում գտնվող Բարադարան փողոցը անվանափոխվել է Բադքուբայի՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի նախկին պարսկերեն անվանումով։ Նույն թաղամասի Դուստան փողոցը անվանակոչվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի անունով։ Այդ թաղամասի Գոլեստան ծառուղին կկոչվի Աբխազիա, իսկ Փայվանդը՝ Գյանջեն (Գանձակ), որն Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է և 12-րդ դարի պարսիկ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի ծննդավայրը: Ի դեպ, Ադրբեջանը իրանցի Նիզամիին ներկայացնում են որպես ադրբեջանցի և բանաստեղծի 880-ամյակի կապակցությամբ Ալիևը 2021 թվականն անգամ հայտարարեց «Նեզամիի տարի»։

Մարյամի ծառուղին անվանակոչվել է հայկական Շուշիի պատվիր, որն այժմ գտնվում է ադրբեջանական վերահսկողության տա: Ուշագրավ է, որ իրանական կողմը օգտագործել է հենց Շուշի անվանումը և ոչ թե Ադրբեջանի կողմից շրջանառվող Շուշա տարբերակը:
 
Թեհրանի որոշ փողոցներ անվանակոչվել են իրանահայերի անունով, օրինակ՝ Ռոստոմ Ոսկանյանի (1932-2013) և Վարդան Հովհաննիսյանի (1896-1982):

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները բարդացել են ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որն ավարտվեց անցյալ տարվա վերջին: Իրանը Ադրբեջանին մեղադրեց ահաբեկիչներին, ինչպես նաև իսրայելական զորքերին իր տարածքում ապաստանելու համար: Ադրբեջանը ճանապարհային տուրք սահմանեց իրանական բեռնատարների նկատմամբ, որոնք երթուղին օգտագործում են Հայաստանին կամ Ղարաբաղի էթնիկ հայերի կողմից վերահսկվող տարածքները մատակարարելու համար:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր դժգոհությունն է հայտնել սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի հետ սահմանի մոտ անցկացված Իրանի զորավարժությունների կապակցությամբ: Թեև Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները ավելի ուշ հայտարարել են, որ հասել են փոխըմբռնման, Թեհրանի քաղաքային խորհրդի անվանումների վերափոխման որոշումը կարող է լարվածության նոր աճի հանգեցնել։

  • Կիսվել: