Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են. ոստիկանությունը ջրցան մեքենաներ է գործի դրել
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, բողոքի ցույց է անցկացվում, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Դատելով հրապարակված լուսանկարներից՝ բողոքի ակցիային հազարավոր մարդիկ են հավաքվել ։
Հանրահավաքի մասնակիցները բողոքում են «Վրացական երազանքի» այսօրվա որոշման դեմ և պնդում են, որ իշխանությունը վերջնականապես հրաժարվել է երկրի եվրոպական կուրսից։ Հանրահավաքի մասնակիցների կարծիքով՝ Վրաստանի եվրոպական ընտրությունը պետք է փրկվի, և մարդկանց կոչ է արվում միանալ բողոքի ակցիային։
Հանրահավաքի մասնակիցները հավաքվել էին նաև «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ։ «Երազանքի» շտաբի մոտ հավաքվածներն ավելի ուշ երթով շարժվեցին դեպի խորհրդարան և միացան այնտեղ հավաքված մյուս ցուցարարներին:
Հանրահավաքին ներկա են նաև տարբեր ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Վրացական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ ակցիային միացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Ավելի ուշ հայտն դարձավ, որ Թբիլիսիում ցուցարարների ու հատուկջոկատայինների միջև բախումներ են սկսվել։ Ոստիկանությունն անկարգությունների մասնակիցներին սկսել է բերման ենթարկել:
Ցուցարարների նկատմամբ կիրառվել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: