ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թբիլիսիից ուղարկած գեներատորները հասել են Կիև

Թբիլիսիից ուղարկած գեներատորները հասել են Կիև

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով Ուկրաինա է ուղարկվել 25 միավոր բարձր հզորության գեներատորնե. գեներատորներն արդեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում են։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը, գրում է aliq.ge-ն:

Ըստ նախարարության տվյալների՝ Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան ջանքերով, ըստ անհրաժեշտության, գեներատորներ են բաշխվել Ուկրաինայի տարբեր շրջաններ և առաքվել Խարկով, Նիկոլաև, Լվով, Կիևի մարզ և Կիև քաղաք։

Հարկ է նշել, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունն օրեր առաջ հայտնել էր, որ Վրաստանը Ուկրաինային գեներատորներ ուղարկելու նպատակով հատկացրել է 1,5 մլն լարի, որն այսօրվա փոխարժեքով կազմում է մոտ 738 հազար 900 դոլար:

Նշենք, որ Վրաստանի կառավարությունը դեկտեմբերի 9-ին որոշում է կայացրել Ուկրաինա գեներատորներ ուղարկելու մասին։

Հիշեցնենք. Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունը դեկտեմբերի 6-ին հայտնել էր, որ մեկ ամիս առաջ դիմել են Վրաստանի կառավարությանը՝ գեներատորների ու տրանսֆորմատորների հարցում օգնության խնդրանքով, բայց դեռ պատասխան չեն ստացել։

  • Կիսվել: