Թբիլիսիի կենտրոնում ընթանում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարած հանրահավաքը (տեսանյութ)
Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելիի պողոտայում, ընթանում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարած հանրահավաքը՝ խորհրդարանի ընտրության արդյունքներից դժգոհ վրացական ընդդիմության բողոքի ցույցը: Մեծ թվով ցուցարարների առկայության պատճառով երթևեկությունը սահմանափակվել է:
Նախագահը բողոքի ակցիայի մասին հայտարարել էր երեկ՝ ընդդիմության առաջնորդների հետ միասին։ Սալոմե Զուրաբիշվիլիի պնդմամբ՝ ընտրությունները կեղծվել են:
Մարդկանց ամբոխը հավաքվում է խորհրդարանի մոտ, ոմանք կրում են ԵՄ-ի և Վրաստանի դրոշները: Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները նախատեսել են հանրահավաքում ներկայացնել իրենց գործողությունների ծրագիրը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ բողոքողները մտադիր չեն ոտնձգություն կատարել սահմանադրական կարգի դեմ, և ինքն էլ չի պաշտպանի նման ծրագրերը։
Reuters-ին տված հարցազրույցում նախագահն ասել է. «Նրանք պարզապես պաշտպանում են իրենց սահմանադրական իրավունքները, այստեղ ոչ ոք չի խախտում Վրաստանի սահմանադրական կարգը: Դա այն չէ, ինչին ես կաջակցեմ, և ոչ էլ այն, ինչի համար մարդիկ պայքարում են»: