ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին իրավիճակը կայունանում է

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին իրավիճակը կայունանում է

Տաջիկստանի և Ղրղզստանի Սուղդի և Բատկենի շրջանների անվտանգության ուժերի և իշխանությունների միջև բանակցությունները շարունակվում են, իրավիճակը կայունանում է, հաղորդում է Սուղդի շրջանի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդվում է, որ շաբաթ առավոտյան Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը կայունացնելու համատեղ հանձնաժողովը շարունակել է աշխատանքը։

«Տաջիկստանի և Ղրղզստանի պատվիրակությունների միջև բանակցություններից հետո իրավիճակը սահմանին աստիճանաբար կայունանում է, բնակիչները վերադառնում են առօրյա կյանքին»,- ասվում է հաղորդագրությունում:

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին լայնամասշտաբ բախումներ են սկսվել ուրբաթ առավոտյան։ Կողմերը միմյանց մեղադրել են հրետակոծության մեջ։ Երկու երկրների զինվորականների միջև կատաղի մարտերը շարունակվել են ամբողջ օրը՝ սահմանի գրեթե ամբողջ երկայնքով։

Հրադադարը ձեռք է բերվել միայն գիշերը։ Սակայն շաբաթ առավոտյան բախումները վերսկսվել են։ Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ։

  • Կիսվել: