երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սուլեյմանիի կոշիկը Թրամփի գլխից թանկ է. «Հիզբալլահ»-ի առաջնորդ

Սուլեյմանիի կոշիկը Թրամփի գլխից թանկ է. «Հիզբալլահ»-ի առաջնորդ

Արևելագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է «Հիզբալլահ»-ի առաջնորդի խոսքերը:

Նա, մասնավորապես, գրել է. «Լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլահ․ «Սուլեյմանիի կոշիկն ավելի թանկ է, քան Թրամպի գլուխը, այդ պատճառով էլ ես չեմ կարող ասել, որ դա այն մարդն է, ում ուղղությամբ պետք է կենտրոնանանք․․․Արդար պատիժը տարածվում է ամերիկյան ռազմական ներկայության՝ ամերիկյան ռազմաբազաների, ռազմանավերի, ԱՄՆ-ի յուրաքանչյուր սպայի և զինվորի վրա․․․»։


Պետրոսյանը նշել է նաև, որ նման մարտավարության տրամաբանության մեջ է լինելու Իրանի պատասխանը հայտնի զորահրամանատարի սպանության առնչությամբ՝ «հովանավորյալ տարբեր կառույցների կողմից ինքնուրույն՝ բնավ ոչ մեկ ընդհանուր կենտրոնից ուղղորդված, իհարկե նաև ոչ համարժեք գործողությունների տեսքով»:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Պենտագոնը տեղեկացրել էր գործողության մասին, որի ընթացքում Բաղդադի օդանավակայանի մոտ սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: ԱՄՆ վարչակազմի վարկածով՝ հատուկ գործողությունը պաշտպանիչ բնույթ է կրել, քանի որ ունեցել է Մերձավոր Արեւելքում ամերիկացի զինծառայողներին պաշտպանելու նպատակ:

Արտակարգ նիստի արդյունքներով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը խոստացել է վրեժ լուծել: Խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ «Ամերիկան պատասխանատվություն է կրում այդ հանցավոր արկածախնդրության հետեւանքների համար»: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ հեռախոսազրույցի ընթացքում հարձակումը ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության դրսեւորում է անվանել: Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել «դատապարտել այդ հանցավոր գործողությունը», ինչպես նաեւ հայտարարել է ինքնապաշտպանության իր իրավունքի մասին:

  • Կիսվել: