Սուդանում կրակել են Թուրքիայի դեսպանի մեքենայի վրա
Սուդանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Չոբանօղլուի ավտոմեքենայի գնդակոծման հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Սուդանում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ որոշվել է մեր դեսպանատունը Խարթումից ժամանակավորապես տեղափոխել ավելի ապահով վայր՝ Պորտ Սուդան։ Անձնակազմը տարհանվել է, շարժման ժամանակ կրակել են դեսպանի մեքենայի վրա, տուժածներ չկան, միայն մեքենան ինքն է վնասվել»,- ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սուդանի արագ արձագանքման ուժերը (հատուկ ուժերը) մեղադրանքներ են ներկայացրել երկրի զինված ուժերին, որ կրակ են բացել Թուրքիայի դեսպանի մեքենայի վրա։ Ենթադրվում է նաև, որ հատուկ ջոկատայիններին «հաջողվել է անվտանգ վայր տեղափոխել դեսպանին և նրա շրջապատին»։