շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստոլտենբերգը հաստատել է ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցությունները Կիև տանկեր ուղարկելու վերաբերյալ

Ստոլտենբերգը հաստատել է ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցությունները Կիև տանկեր ուղարկելու վերաբերյալ

Հունվարի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների միջև Ուկրաինա տանկեր ուղարկելու վերաբերյալ խորհրդակցությունների անցկացումը։

Նա նաև ասել է, որ Կիևին անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանական համակարգեր։ Բացի դրանից, Ստոլտենբերգի խոսքով, ուկրաինական կողմին անհրաժեշտ են տեխնիկայի և զինամթերքի պահեստամասեր։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Արևմուտքը ռազմական օգնություն կհատկացնի Կիևին։

Նաև Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ասել է, որ Լեհաստանը Ուկրաինային Leopard տանկեր կփոխանցի միայն այն դեպքում, եթե մյուս երկրները նույնն անեն։

Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հունվարի 17-ին խուսափել է ուկրաինական կողմին Leopard տանկերի մատակարարման մասին լրագրողի հարցին ուղիղ պատասխանից։

Միևնույն ժամանակ, նույն օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել չսահմանափակել Ուկրաինային հատկացվող զինանոցը, այլ երկրին տրամադրել ցանկացած զենք, այդ թվում ժամանակակից համակարգեր, որը Կիևը կարող է օգտագործել։

  • Կիսվել: