երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սպուտնիկ V-ի կիրառման արդյունքում չի գրանցվել և ոչ մի մահվան դեպք. Պուտին

Սպուտնիկ V-ի կիրառման արդյունքում չի գրանցվել և ոչ մի մահվան դեպք. Պուտին

Նոր կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության պատվաստանյութի կիրառման արդյունքում չի գրանցվել ոչ մի մահվան դեպք, ի տարբերություն Astra-Zeneca-ի, այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Վերջին շրջանում հատկապես շատ է խոսվում այն մասին, թե որ պատվաստանյութն է իրականում ամենաէֆեկտիվը: 

Ըստ Վ. Պուտինի՝ կողմնակի ազդեցությունները սահմանափակվում են մի երկու ժամով մարմնի ջերմության բարձրացմամբ միայն: 

«Կորոնավիրուսի դեմ մեր պատվաստանյութի կողմնակի ազդեցությունը միայն մի երկու ժամով ջերմության բարձրացումն է: Մահվան դեպքեր չկան և, հուսով ենք, չեն էլ լինի»,- հայտարարել է ռուս առաջնորդը:

Նա ընդգծել է, որ ռուսական արտադրության պատվաստանյութն ամենաանվտանգն է ճանաչվել, իսկ դրա արդյունավետությունը 96 տոկոսից էլ բարձր է: Նա նաև նշել է, որ անձամբ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ և կոչ է արել ՌԴ բնակիչներին հետևել իր օրինակին:

Ռուսաստանում ներկա դրությամբ գրանցված է կորոնավիրուսի դեմ 4 պատվաստանյութ: Առաջինը «Սպուտնիկ V»-ն է, որը ստեղծվել է մարդու ադենովիրուսի հիման վրա: Այնուհետև գրանցվել են «ԷպիՎակԿորոնա»-ն, «ԿովիՎակ»-ը, «Սպուտնիկ Լայթ»-ը:

  • Կիսվել: