հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
SpaceX-ի Starship-ի իններորդ փորձնական թռիչքը ձախողվել է

SpaceX-ի Starship-ի իններորդ փորձնական թռիչքը ձախողվել է

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX-ի Starship հրթիռը կործանվել է իններորդ փորձնական թռիչքի ժամանակ։ Այս մասին SpaceX-ը հայտնել է չորեքշաբթի՝ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, X սոցիալական ցանցում։ «Տեղի է ունեցել Starship-ի արագ չպլանավորված ոչնչացում: Թիմերը կշարունակեն ուսումնասիրել տվյալները և աշխատել հաջորդ փորձնական թռիչքի վրա»,- ասվում է գրառման մեջ։

Հրթիռը անվերահսկելիորեն մտել է մթնոլորտ, որից հետո, հավանաբար, հրկիզվել է ու ոչնչացել Հնդկական օվկիանոսում, հաղորդում է AFP գործակալությունը: SpaceX-ի տվյալներով՝ միջադեպի պատճառը կարող էր լինել վառելիքի արտահոսքը։

Starship-ը 123 մետր բարձրություն ունի, այսօր այն ամենամեծ ու հզոր տիեզերական հրթիռն է, նշում է AFP-ն։ SpaceX-ը նպատակ ունի Starship-ը դարձնել բազմակի օգտագործման հրթիռ, որը թույլ կտա զգալիորեն խնայել տիեզերական թռիչքների ծախսերը: SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հույս ունի, որ 2026 թվականին Starship-ը կկարողանա թռչել Մարս:

Starship-ի նախորդ ութ փորձնական արձակումներից չորսն ավարտվել են պայթյուններով։

  • Կիսվել: