հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սիրիայում Թուրքիայի ցամաքային գործողության անցկացումը նպատակահարմար չէ. Լավրենտև

Սիրիայում Թուրքիայի ցամաքային գործողության անցկացումը նպատակահարմար չէ. Լավրենտև

Մոսկվայի խնդիրն է հասկացնել Անկարային, որ Սիրիայում ցամաքային գործողության անցկացումը նպատակահարմար չէ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ТАСС-ին տված հարցազրույցում:

«Դա կհանգեցնի խաղաղ բնակչության շրջանում զոհերի, գործողությունը կարող է բարկացնել Սիրիայի քրդերին, բռնության նոր ալիքի պատճառ դառնալ հենց Թուրքիայի տարածքում։ Չեմ կարծում՝ Թուրքիայի ղեկավարությանը դա պետք է 2023 թվականի նախագահական ընտրությունների շեմին»,- ընդգծել է Լավրենտևը:

Նա նաև նշել է, որ նախապայմաններ չի տեսնում Սիրիայի և Թուրքիայի նախագահների հնարավոր հանդիպման համար: Պաշտոնյայի խոսքով՝ այդ երկու երկրի միջև շփումը շարունակվում է հատուկ ծառայությունների մակարդակով։

Լավրենտևն արձագանքել է նաև Անկարայի մեղադրանքներին, թե ռուսական կողմը չի կատարում Սիրիայի հարցով պայմանավորվածությունները և չի աջակցում Սիրիայի հյուսիսային շրջաններից քրդական զինված կազմավորումների դուրսբերմանը։

«Ռուսաստանը կատարում է իր պարտավորությունները: Իհարկե, մենք չենք կարող ամբողջությամբ դուրս բերել քրդական բոլոր կազմավորումները 30 կիլոմետրանոց անվտանգության գոտուց։ Բայց ամենակարևորն արվել է՝ այդ կազմավորումներն այլևս ուժ չեն կիրառում: Լինում են սադրանքներ, սակայն քրդերը Թուրքիայի տարածքում Թուրքիայի դեմ ոչ մի գործողություն չեն ձեռնարկում»,- մանրամասնել է ռուս պաշտոնյան։

  • Կիսվել: