ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սիրիայում միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել. 88 զոհ կա

Սիրիայում միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել. 88 զոհ կա

Սիրիայի Տարտուս նահանգի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 88-ի։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայի առողջապահության նախարարությունը։
 
Նշվում է, որ հիվանդանոցում շարունակում են բուժօգնություն ստանալ 14 մարդ, որոնցից 2-ի վիճակը ծանր է։ Ավելի վաղ հաղորդվել էր 77 զոհվածի և 20 ողջ մնացածների մասին, որոնք տեղափոխվել էին Տարտուս քաղաքի հիվանդանոցներից մեկը։
 
Նավում, որն այս շաբաթվա սկզբին Լիբանանից է մեկնել, եղել են Սիրիայի, Լիբանանի և Պաղեստինի քաղաքացիներ, ինչպես նաև անձինք, որոնց քաղաքացիությունը դեռ պարզված չէ։
Փրկվածներից մեկի խոսքով` նավում եղել է մոտ 150 մարդ:
 
Տարտուս նահանգի ափերի մոտ փրկարարական աշխատանքները շարունակվում են սեպտեմբերի 23-ից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Սիրիայի ծովային նավահանգիստների վարչակազմի ղեկավար Սամիր Քուբրուսլին, լիբանանյան իշխանությունները Դամասկոսին չեն զգուշացրել միգրանտներով խորտակված նավի մասին և կապ են հաստատել միջադեպից հետո։

  • Կիսվել: