երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սիրիան երկու պայման է դրել Թուրքիայի առաջ

Սիրիան երկու պայման է դրել Թուրքիայի առաջ

Սիրիայի խորհրդարանի պատգամավոր և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեռ Մարժանեն հայտնել է, որ Անկարայի ու Դամասկոսի հարաբերությունների կարգավորման համար կա հնարավորություն, բայց նախևառաջ Թուրքիան պետք է հրաժարվի ահաբեկչական խմբերին ֆինանսավորելուց ու մազրելուց և ընդունի, որ Սիրիայի տարածքները զավթել է, գրում է ermenihaber.am-ը:

Դրանից բացի՝ Թուրքիան պետք է ցույց տա, որ պատրաստ է դուրս հանել իր զորքերը Սիրիայի տարածքից։ Մարժանեն նաև նշել է, որ իրենք հասկանում են՝ Թուրքիայի ռազմաօդային գործողությունը քուրդ ահաբեկիչներին հասցեագրված ուղերձ է, բայց բոլոր քրդերը չեն, որ ահաբեկիչ են։

«Նրանցից շատերը Սիրիայի քաղաքացիներ են և կապ չունեն ԱՄՆ-ի կողմից զինվող, կրթություն ստացող և ուժեղացվող անջատողականների հետ և բոլոր քրդերին մեղադրել հայրենիքի դավաճանության մեջ չի կարելի»։

Խոսելով դիվանագիտական երկխոսության մասին՝ սիրիացի քաղգործիչն այսպիսի գնահատական է տվել․ «Դիվանագիտական երկխոսությունը հնարավոր է, եթե դրա հիմքը կազմի Ադանայի համաձայնագիրը, և Թուրքիան ցանկություն հայտնի դուրս գալ Սիրիայի տարածքներից»։

Ադանայի համաձայնագիր (թուրք․՝ Adana Mutabakatı) - Կնքվել է 1998-ի հոկտեմբերի 20-ին Թուրքիայի և Սիրիայի միջև։ Ըստ դրա՝ երկու կողմերը պարտավորվում էին պայքարել PKK-ի (ՔԲԿ - Քուրդիստանի բանվորական կուսակցություն) և նրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դեմ։ Սիրիան պարտավորվում էր թույլ չտալ վերջինիս մուտքն իր տարածք։

Վերջում Մարժանեն հավելել է, որ չի զարմանա, եթե Ստամբուլի Թաքսիմ հրապարակում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած լինի այս ահաբեկչական խմբերից որևէ մեկը։

«Ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում։ Սիրիայում ձեր հովանավորած ահաբեկչությունը կարող է հենց Թուրքիայում սպանել հենց ձեզ»։

  • Կիսվել: