երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շուրջ 1,6 մլն ռուսաստանցի առցանց քվեարկել է նախագահական ընտրություններում

Շուրջ 1,6 մլն ռուսաստանցի առցանց քվեարկել է նախագահական ընտրություններում

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում շուրջ 1,6 մլն ռուսաստանցի 13 ժամվա ընթացքում քվեարկել է հեռավար քվեարկության հարթակի միջոցով. սա համակարգում բոլոր գրանցվածների ավելի քան մեկ երրորդն է: Այդ մասին հայտնել է ՌԴ թվային զարգացման նախարարությունն իր Telegram ալիքում։

«13 ժամվա ընթացքում հարթակի օգնությամբ քվեարկել է 1,6 միլիոն մարդ: Սա հարթակում գրանցված օգտատերերի 35 %-ն է»,-հայտնել են Թվային զարգացման նախարարությունում:

Քվեարկությունը կտևի մինչև մարտի 17-ը, տեղի ժամանակով ժամը 20:00-ը։

Մարտի 12-ին թվային զարգացման նախարարությունը հաղորդել էր, որ մոտավորապես 5 մլն ռուսաստանցիներ Պետական ծառայությունների հարթակի միջոցով դիմում են ներկայացրել նախագահական ընտրություններում էլեկտրոնային եղանակով հեռավար քվեարկելու համար։

ՌԴ-ում եռօրյա նախագահական ընտրությունները մեկնարկել են մարտի 15-ի առավոտյան։ Բացի նախագահ Վլադիմիր Պուտինից, պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, ՌԴ Կոմունիստական ​​​​կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը, և «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը:

  • Կիսվել: