կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սենատոր Մենենդեսը Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունը դադարեցնելու կոչ է արել

Սենատոր Մենենդեսը Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունը դադարեցնելու կոչ է արել

Ամերիկացի ազդեցիկ սենատոր Բոբ Մենենդեսը երկուշաբթի Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել ցանկացած համագործակցություն Սաուդյան Արաբիայի հետ՝ նավթի արդյունահանումը կրճատելու միջոցով Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին Էր Ռիյադի աջակցության որոշման հետ կապված։

Անցած շաբաթ Էր Ռիյադը, Մոսկվան եւ այլ խոշոր նավթ արտադրողները պայմանավորվել են նավթի արդյունահանումը զգալիորեն կրճատելու վերաբերյալ՝ նավթի գները բարձրացնելու նպատակով։ Միացյալ Նահանգները դատապարտել է այս քայլը՝ որպես զիջում Մոսկվային, ինչը վնաս կհասցնի համաշխարհային տնտեսությանը։

«Այս հակամարտությունում պարզապես անհնար է խաղալ երկու կողմի համար. կամ աջակցում եք ազատ աշխարհի մնացյալ մասին՝ փորձելով խանգարել ռազմական հանցագործին մի ամբողջ երկիր մոլորակի երեսից ջնջելու փորձի մեջ, կամ աջակցում եք նրան»,- նշվել է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսի հայտարարությունում։

«Սաուդյան Արաբիայի թագավորությունն ընտրել է վերջինը՝ սարսափելի որոշում կայացնելով, որը թելադրված է տնտեսական շահերով»,- ընդգծել է սենատորը։

ՕՊԵԿ կարտելը, որի մեջ մտնում է 13 երկիր եւ որը գլխավորում է Սաուդյան Արաբիան, եւ նրա 10 դաշնակիցները՝ Ռուսաստանի գլխավորությամբ, պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանումն օրական 2 մլն բարելով՝ սկսած նոյեմբերի 1-ից, ինչը մտավախություններ է առաջացրել նավթի գների կտրուկ աճի հետ կապված։

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ ՕՊԵԿ-ի առաջնահերթությունը «կայուն նավթի շուկային սատարելն է», բայց այդ քայլն առաջ է բերել Վաշինգտոնի կտրուկ առարկությունը, որը գլխավորում է Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված ջանքերը Ուկրաինա նրա ներխուժման պատճառով։

«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ սառեցնի մեր համագործակցության բոլոր կողմերը Սաուդյան Արաբիայի հետ, ներառյալ զենքի ցանկացած վաճառք եւ համագործակցությունն անվտանգության ոլորտում, բացի այն ուղղություններից, որոնք անհրաժեշտ են ամերիկյան անձնակազմի եւ շահերի պաշտպանության համար»,- ասել է Մենենդեսը։

«Որպես Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ՝ ես կանաչ լույս չեմ վառի Էր Ռիյադի հետ որեւէ համագործակցության առջեւ, մինչեւ որ թագավորությունը վերանայի իր դիրքորոշումն Ուկրաինայում պատերազմի հանդեպ»,- նշվել է հայտարարությունում։ 

  • Կիսվել: