չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սանկտ Պետերբուրգում 165 մլն ռուբլու կոկաին են գտել Բելգիայից փոխադրված բանանի բեռնարկղերում

Սանկտ Պետերբուրգում 165 մլն ռուբլու կոկաին են գտել Բելգիայից փոխադրված բանանի բեռնարկղերում

Սանկտ Պետերբուրգի մաքսավորները մաքսանենգ ճանապարհով փոխադրված թմրանյութերի խոշոր խմբաքանակ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Հյուսիսարևմտյան մաքսավորները 11 կգ կոկաին են գտել բանանների մեջ։ Մաքսանենգությունը կասեցվել է Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստի տարածքում։ Սև շուկայում թմրանյութի արժեքը գերազանցում է 165 միլիոն ռուբլին»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։

Բելգիայի Անտվերպեն քաղաքից փոխադրված բեռնարկղում հայտնաբերվել են փոշի պարունակող բրիկետներ։ Հարուցվել է քրեական գործ։

Տարեսկզբից ի վեր սա մաքսանենգ ճանապարհով փոխադրված թմրանյութերի արդեն չորրորդ խոշոր խմբաքանակն է, որը Սանկտ Պետերբուրգի մաքսավորներին հաջողվել է բացահայտել։

Ըստ ՌԴ հյուսիսարևմտյան օպերատիվ մաքսատան կողմից հունվարի վերջին ներկայացված տվյալների՝ 2024 թ․ սկզբից Անվտանգության դաշնային ծառայության Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի վարչության աշխատակիցների հետ փոխգործակցության արդյունքում անօրինական շրջանառությունից առգրավվել է ավելի քան 2 տոննա թմրանյութ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Անցյալ տարի անօրինական շրջանառությունից առգրավվել է ավելի քան 2,5 տոննա թմրանյութ։

  • Կիսվել: