կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սաակաշվիլիի հիվանդությունները բարդանում են. բժիշկ

Սաակաշվիլիի հիվանդությունները բարդանում են. բժիշկ

«Էմպաթիա» հասարակական կազմակերպության (ՀԿ) խորհրդի անդամ, բժիշկ Օթար Թոիձեն ասել է, որ անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիվանդությունները բարդանում են, և նրա տեղափոխումը քաղաքացիական կլինիկա ոչ մի արդյունք չի տվել, գրում է aliq.ge-ն:

«Այն, որ նման տեմպերով ու նման միջոցներով բուժումը արդյունք չէր տա, նշվել է մեր բոլոր այցելությունների ժամանակ՝ սկսած առաջինից, որը եղել է Գլդանի քրեակատարողական հիմնարկում։

Այդ ժամանակից ի վեր մենք պնդում ենք, որ այս հիվանդությունների դեպքում նման բուժումը բանտային պայմաններում հնարավոր չէ»,- ասել է ՀԿ-ի խորհրդի անդամը։

Նշենք, որ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին, ով երկու գործով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Վրաստան է վերադարձել 2021 թվականի սեպտեմբերի վերջին։ Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին՝ Վրաստանի տեղական ինքնակառավարման ընտրությունների նախորդ օրը։

Ձերբակալման օրը նա հացադուլ է հայտարարել։ Իրավիճակի սրման պատճառով հացադուլի 50-րդ օրը՝ նոյեմբերի 19-ին, Սաակաշվիլին համաձայնել է դադարեցնել հացադուլը, եթե իրեն բուժման համար տեղափոխեն Գորիի զինվորական հոսպիտալ։

Սաակաշվիլիին Գորիի հիվանդանոցից «Ռուսթավի» քրեակատարողական հիմնարկ են վերադարձրել դեկտեմբերի 30-ին։ Նրա փաստաբաններն ու «Էմպաթիա» կենտրոնի աշխատակիցները նշել են, որ անհրաժեշտ է Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել արտերկիր, քանի որ Գորիի զինվորական հոսպիտալում վերականգնողական գործընթացը չի կարող ավարտվել։

Արդարադատության նախարարության որոշմամբ Սաակաշվիլին մայիսի 12-ից բուժում է ստանում Թբիլիսիի «Վիվամեդ» քաղաքացիական կլինիկայում։

Ազատազրկված նախկին նախագահի վիճակն ուսումնասիրելու համար «Էմպաթիա» կենտրոնը դատարանից իրավունք է ստացել այցելել Սաակաշվիլիին և նրա փոխարեն հետազոտություններ կատարել։ Եզրակացությունը խորհրդի անդամները կհրապարակեն մի քանի օրից։

  • Կիսվել: