ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանը սկսել է կանոնավոր կերպով իրանական «Շահեդ»-ներ ստանալ. բրիտանական հետախուզություն

Ռուսաստանը սկսել է կանոնավոր կերպով իրանական «Շահեդ»-ներ ստանալ. բրիտանական հետախուզություն

Ռուսաստանը, ըստ ամենայնի, սկսել է կանոնավոր կերպով ստանալ իրանական արտադրության «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի փոքր խմբաքանակներ: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության՝ մարտի 26-ին հրապարակված զեկույցում, հաղորդում է ուկրաինական korrespondent.net կայքը։

«Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, սկսել է կանոնավոր կերպով «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի փոքր խմբաքանակներով լրացնել իր պահուստները»,- ասել են բրիտանացի զինվորականները:

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ այս տարվա մարտի սկզբից Ռուսաստանն Ուկրաինայում թիրախների դեմ արձակել է առնվազն 71 «Շահեդ» անօդաչու: Նշվում է, որ հարվածները հաջորդել են գրոհների երկշաբաթյա դադարին:

Համաձայն տեղեկատվության՝ ռուսական կողմը «Շահեդ»-ներն արձակում է երկու ուղղությունից՝ Կրասնոդարի երկրամասից և Բրյանսկի մարզից, ինչը թույլ է տալիս թիրախավորել Ուկրաինայի լայն հատվածը և կրճատում է թռիչքի ժամանակը դեպի երկրի հյուսիսում գտնվող թիրախները։

Նշենք, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո պաշտոնական Կիևն ու Արևմուտքը բազմիցս հայտարարել են, որ Թեհրանը Մոսկվային մարտական անօդաչուներ է մատակարարում: Սակայն ՌԴ-ն և Իրանն այս պնդումները հերքում են:

  • Կիսվել: