երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանը ԵԽԽՎ-ի կողմից պաշտոնապես ճանաչվեց որպես «ահաբեկչական ռեժիմ»

Ռուսաստանը ԵԽԽՎ-ի կողմից պաշտոնապես ճանաչվեց որպես «ահաբեկչական ռեժիմ»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձև, որով Ռուսաստանի Դաշնությունը որակվել է որպես «ահաբեկչական ռեժիմ»: Այս մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանում «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության պատգամավոր Մարինա Բարդինան:

Նշվում է, որ  «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության արգեսիայի հետագա էսկալացիան» վերնագրով բանաձևի օգտին քվեարկել են ԵԽԽՎ-ի 90 պատգամավորներ:

Փաստաթղթում նշվում է, որ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան պետք է միանշանակ և անվերապահորեն դատապարտվի որպես հանցագործություն, միջազգային իրավունքի խախտում և համաշխարհային խաղաղության ու անվտանգության գլխավոր սպառնալիք»:

ԵԽԽՎ-ն նաև վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների կարևորությունը և կոչ է արել շարունակել զենքի տրամադրումը Կիևին:

ԵԽԽՎ-ն հայտարարել է Ուկրաինայի դեմ ռազմական հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար հատուկ միջազգային դատարան ստեղծելու անհրաժեշտության մասին:

Ինչպես հաղորդվում է՝ Ուկրաինայում կատարված հանցանքների համար Ռուսաստանի պատասխանատվության հարցը կներառվի Եվրոպայի խորհրդի պետությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովի օրակարգում:

ԵԽԽՎ-ն այսպիսով դարձել է առաջին միջազգային կազմակերպությունը, որը Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է «ահաբեկիչ-պետություն»:

  • Կիսվել: