հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ռուսաստանը չի պատրաստվում հարձակում գործել Ուկրաինայի վրա. Պեսկով

Ռուսաստանը չի պատրաստվում հարձակում գործել Ուկրաինայի վրա. Պեսկով

Ռուսաստանը չի պատրաստվում հարձակում գործել Ուկրաինայի վրա եւ որեւէ ագրեսիվ ծրագիր չունի։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ով՝ ում վրա է հարձակվում՝ Ռուսաստանն Ուկրաինայի՞, թե՞ Ուկրաինան Ռուսաստանի։ Ամերիկյան եւ ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ Ռուսաստանն ագրեսիա է նախապատրաստում Ուկրաինայի դեմ, իսկ մենք հաստատում ենք, որ Ուկրաինան ծրագրում է ագրեսիվ գործողություններ իրականացնել Դոնբասի, ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի դեմ։ Բազմիցս հայտարարել ենք ամենատարբեր մակարդակներում, որ Ռուսաստանը չի պատրաստվում որեւէ մեկի վրա հարձակում գործել եւ որեւէ ագրեսիվ ծրագիր չունի։ Սխալ է հայտարարել հակառակի մասին»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Bloomberg ամերիկյան գործակալությունը հոդված էր հրապարակել՝ հղում կատարելով իր աղբյուրներին, որում ասվում էր, թե, իբր, ԱՄՆ հետախուզությունը բացահայտել է 2022 թվականի սկզբին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման ծրագրերը։ Գործակալությունը նշել է, որ օպերացիային, իբր, մասնակցելու է մոտ 100 000 զինվոր։ 

  • Կիսվել: