ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսաստանը այժմ լսում է փաստարկները և գնում որոշակի փոխզիջումների. Պոդոլյակ

Ռուսաստանը այժմ լսում է փաստարկները և գնում որոշակի փոխզիջումների. Պոդոլյակ

Եթե ​​սկզբում Ռուսաստանը կտրականապես հրաժարվում էր որևէ բան քննարկելուց, ապա այժմ լսում է փաստարկները և գնում որոշակի փոխզիջումների։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Դիրքորոշումները, որոնցով Ռուսաստանը մտավ այս բանակցությունների մեջ, ընդհանուր առմամբ վերջնագրեր էին, որոնք անընդունելի էին Ուկրաինայի համար։ Այսօր մենք մի փոքր այլ պատկեր ունենք՝ բանակցությունները քիչ թե շատ կառուցողական են ընթանում»,- ասել է Պոդոլյակը։

Նա նշել է որոշ դրական կողմեր ​​Ռուսաստանի հետ բանակցություններում։

«Լավատեսության հիմքը մեր առաջարկներին նրանց արձագանքներն են. թե ինչպես ենք տեսնում հրադադարը, ռուսական զորքերի դուրսբերումը, կարգավորումն ամբողջությամբ։ Եթե առաջին երկու շաբաթվա ընթացքում նրանք կտրականապես հրաժարվում էին դրանք քննարկել, հիմա լսում են, ինչ-որ բանի համաձայն են, ինչ-որ բանի՝ ոչ, հակափաստարկներ են ներկայացնում, և մենք որոշակի փոխզիջումային դիրքորոշումներ ենք գտնում»,- նշել է Պոդոլյակը:

Հարցին, թե արդյոք բանակցություններում քննարկվո՞ւմ է Ուկրաինայի ոչ դաշինքային կարգավիճակը, Պոդոլյակը պատասխանել է.

«Մենք քննարկում ենք մեզ համար առանցքային խնդիրը՝ անվտանգության երաշխիքները: Դա կարող է լինել ցանկացած կառույց, որտեղ, կարևորը, կլինեն անվտանգության կոնկրետ երաշխիքներ, որպեսզի մենք մենակ չմնանք, ստանանք ֆինանսական, խորհրդակցական, պատերազմի դեպքում՝ նաև ռազմական աջակցություն»:

  • Կիսվել: