հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց․ Կիևում կա 2 զոհ

Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց․ Կիևում կա 2 զոհ

Ռուսաստանը և Ուկրաինան վերջին օրվա ընթացքում շարունակել են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ ՌԴ Բրյանսկի մարզում մայիսի 6-ի երեկոյից սկսած և մայիսի լույս 7֊ի գիշերվա ընթացքում խոցվել  է ավելի քան 140 օդային թիրախ, այդ թվում՝ մեկ թևավոր հրթիռ։  

Ինչպես  տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտնել է Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 6֊ին, Մոսկվայի ժամանակով ժամը 18:40-ից հետո Բրյանսկի մարզի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերը «ոչնչացրել և որսացել» են 31 անօդաչու թռչող սարք, իսկ նախորդ 24 ժամվա ընթացքում՝ ևս 35-ը։ 

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարության համաձայն՝ մայիսի 6-ի երեկոյան և մայիսի 7-ի գիշերը խոցվել է Ռուսաստանի մայրաքաղաք թռչող 19 ուկրաինական ԱԹՍ։ Անօդաչուները թռչում են Մոսկվայի վրայով արդեն երրորդ օրն անընդմեջ։ Մայիսի 6-ին ևս Սոբյանինը հայտնել էր, որ խոցվել է Մոսկվա թռչող 19 ԱԹՍ։ Մայիսի 7-ի առավոտյան Կազանի օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել չվերթերի ժամանման և մեկնման վրա։ Բացի այդ, գիշերվա ընթացքում երկու անգամ սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում և մեկ անգամ՝ «Վնուկովո» օդանավակայանում։ Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային դատախազության տեղեկացմամբ՝ մայիսի 6-ին և 7-ին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը որպես պահեստային օդանավակայան ընդունել է 74 չվերթ։ Օդանավերը չեն կարողացել վայրէջք կատարել համապատասխան օդանավակայաններում՝ թռիչքների անվտանգության հետ կապված սահմանափակումների պատճառով։

 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ ռուսական զորքերը մայիսի 7-ի գիշերը չորս բալիստիկ հրթիռներով և 142 անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել Ուկրաինայի ուղղությամբ։ Կիևում ԱԹՍ֊ների հարվածի հետևանքով զոհվել է մեկ կին և նրա որդին։ 

Ըստ Կիևի քաղաքապետի` ևս 8 մարդ վիրավորվել է։ Նրանց թվում կա չորս երեխա։ Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ պատերազմելու ռեսուրսներից նրան զրկելու նպատակով։ 

 

  • Կիսվել: