Ռուսաստանը պատրաստ չէ քննարկելու խաղաղ պլանի նոր տարբերակը. Մակրոն
Ռուսաստանի իշխանությունները պատրաստ չեն քննարկելու խաղաղ պլանի նոր տարբերակը, որը համաձայնեցրել են Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչները: Այս մասին Ուկրաինային աջակցող երկրների «Կամավորների կոալիցիայի» առցանց հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է AFP-ն:
«Այս պահին Ռուսաստանն ակնհայտորեն պատրաստ չէ հրադադարի շուրջ բանակցություններ վարել»,-ասել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ Մոսկվան որևէ «պատրաստակամություն չի ցուցաբերել քննարկելու» խաղաղության նոր ծրագիրը։ Մակրոնը կոչ է արել «շարունակել ճնշումը» Ռուսաստանի վրա՝ նրան դրդելու բանակցությունների։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջին անգամ մասնակցել է հանդիպմանը։
Նշենք, որ ֆրանսիական RTL և M6 հեռուստաալիքների հետ հարցազրույցում էլ նախագահ Մակրոնը կոչ էր արել պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում տեղակայել «անվտանգության միջազգային ուժեր», որոնք պետք է տեղակայվեն Կիևում կամ Օդեսայում, և չպետք է «լինեն առաջնագծում»։
«Ֆրանսիական, բրիտանական և թուրքական զորքերն այնտեղ կլինեն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, այլ ոչ թե պատերազմի ժամանակ, վարժանքներ և անվտանգության գործողություններ անցկացնելու համար, ինչպես մենք անում ենք ՆԱՏՕ-ի արևելյան թևի մի քանի երկրում»,-ասել է Մակրոնը:


