հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանի հետ բանակցությունները քայլ առ քայլ առաջ են գնում. Զելենսկի

Ռուսաստանի հետ բանակցությունները քայլ առ քայլ առաջ են գնում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները «դժվար են, երբեմն սկանդալային, բայց մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում»՝ հայտնում է Interfax-ը։

Նախագահը շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր միջնորդներին։

Ինչպես գրում է unian.net-ը, նա այս մասին ասել է ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում:

«Ուկրաինայի ներկայացուցիչներն աշխատում են բանակցությունների վրա, որոնք գրեթե ամեն օր շարունակվում են: Դա շատ դժվար է: Երբեմն սկանդալային: Բայց մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում»,- ընդգծել է նա: 

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ այս շաբաթ պետք է կայանան երեք կարևոր գագաթնաժողովներ՝ G7-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի։

«Պատժամիջոցների նոր փաթեթներ, նոր օգնություն։ Մենք կաշխատենք, կպայքարենք բոլոր հնարավոր տարբերակներով։ Մինչև վերջ։ Համարձակ և բաց։ Այս բոլոր հարթակներում։ Ամբողջ էներգիայով։ Հանուն արդյունքի: Ամբողջ ուժով: Եվ չենք հոգնի: Կհանգստանանք, երբ հաղթենք: Իսկ դա հաստատ լինելու է»,-ընդգծել է Զելենսկին:

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև առաջին բանակցությունները կայացել են փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի շրջանում։ Այնուհետև պատվիրակությունները հանդիպեցին մարտի 3-ին Բելովեժյան թավուտում, Բրեստի մարզում՝ մարտի 7-ին։ Ռուսական պատվիրակության ղեկավար Մեդինսկին ավելի վաղ հայտնել էր, որ որոշում է կայացվել հետագա բանակցություններն անցկացնել ամեն օր՝ տեսակոնֆերանսի միջոցով։

  • Կիսվել: