ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները մոտեցել են կրիտիկական կետի. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները մոտեցել են կրիտիկական կետի. ՌԴ ԱԳՆ

Անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի երկրների երկխոսությունը խիստ անհրաժեշտ է. հարաբերությունները մոտեցել են կրիտիկական կետի: Այդ մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Մենք պնդում ենք, որ իրավական ամրագրում ստանա պայմանավորվածությունն այն մասին, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս անդամները Ռուսաստանի հարևան՝ ինչպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ հանդիսացող, այնպես էլ չհանդիսացող երկրների տարածքում չտեղակայեն սպառազինությունների հարվածային համակարգեր»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Արտգործնախարարությունը ՆԱՏՕ-ից պահանջել է պատասխանել Եվրոպայում լարվածության թուլացման վերաբերյալ Ռուսաստանի՝ նախկինում առաջ քաշած առաջարկներին: ՌԴ ԱԳՆ-ում նաև ընդգծել են, որ Մոսկվան սպասում է պաշտպանական գերատեսչությունների միջև կանոնավոր երկխոսությունը վերսկսելու առաջարկի վերաբերյալ Դաշինքի արձագանքին:

Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչությունը նշել է, որ Սև ծովում ՆԱՏՕ-ի և դաշնակիցների վերջին զորավարժություններով «Դաշինքը Կիևին ագրեսիայի է դրդում»:

Մոսկվան հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում հրթիռային համալիրների հնարավոր տեղակայումը սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար և Եվրոպայում լայնածավալ հակամարտության ռիսկեր է հրահրում:

  • Կիսվել: