Ռումինիան հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ անհայտ օդային թիրախ հայտնաբերելու մասին
Ռումինիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի շրջանում անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին, սակայն օբյեկտը չի խախտել երկրի օդային տարածքը, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ըստ նախարարության՝ օգոստոսի 2-ի առավոտյան տեղական ժամանակով մոտ 09:30-ին ռադիոլոկացիոն հսկողության համակարգը օդային թիրախ է արձանագրել Ուկրաինայի հետ սահմանի գետային հատվածի շրջանում։
Նշվում է, որ Ռումինիայի Ազգային ռազմական հրամանատարական կենտրոնը տեղեկացրել է արտակարգ իրավիճակների գլխավոր տեսչությանը, որից հետո Տուլչա գավառի բնակիչներին ուղարկվել է RO-Alert համակարգի նախազգուշացում։
Որոշ ժամանակ անց օբյեկտը անհետացել է ռադիոլոկացիոն հսկողության էկրաններից։ Պաշտպանության նախարարությունում ճշտել են, որ թիրախը գտնվել է ուկրաինական սահմանի անմիջական մոտակայքում, սակայն Ռումինիայի օդային տարածք չի մտել։
Տուլչայի շրջանում օդային տագնապը չեղարկվել է 09:52-ին։
Ռումինական ԶԼՄ-ները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի օբյեկտների նկատմամբ շարունակվող ռուսաստանյան հարվածների ֆոնին։ Ռումինիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, ավելի վաղ բազմիցս հայտնել էր իր տարածքում անօդաչու թռչող սարքերի բեկորների հայտնաբերման մասին՝ Ռուսաստանի կողմից սահմանամերձ շրջաններում ուկրաինական ենթակառուցվածքների վրա հարձակումներից հետո։



