երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՌԴ-ում միգրանտների երեխաները կանցնեն ռուսաց լեզվի իմացության թեստավորում

ՌԴ-ում միգրանտների երեխաները կանցնեն ռուսաց լեզվի իմացության թեստավորում

Միգրանտների երեխաները նախքան ռուսական դպրոցներ ընդունվելը պետք է անցնեն թեստավորում, որը հաստատում է կրթական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ ռուսաց լեզվի տիրապետման մակարդակը։ Օրենքը, որն արգելում է միգրանտների՝ ռուսերեն չտիրապետող երեխաներին դպրոց ընդունել, ուժի մեջ է մտնում ապրիլի 1-ից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարությունը հաստատել է թեստավորման անցումը կարգավորող հրամանները: Այսպես, այն կանցկացվի բանավոր և գրավոր, բացառությամբ առաջին դասարան ընդունվողների հարցում. նրանց համար կիրականացվի միայն բանավոր թեստավորում։ Աշխատանքը տեղի կունենա հանրակրթական կազմակերպություններում, որտեղ կկազմակերպվի թեստավորում անցնելու կետ։ Ամբողջ ընթացակարգը պետք է տեսագրվի, իսկ երեխայի բանավոր պատասխանները պետք է ձայնագրվեն ձայնագրող սարքերի միջոցով: 

Թեստավորումը հաջողությամբ անցնելու դեպքում երեխան կընդունվի դպրոց, իսկ անհաջող անցնելու դեպքում նրան կառաջարկվի ռուսաց լեզվի լրացուցիչ ուսուցում։ Կրկին թեստավորում անցնել կարելի կլինի ոչ շուտ, քան երեք ամիս անց: ՌԴ կրթության նախարար Սերգեյ Կրավցովը 2024 թ. նոյեմբերի վերջին հայտնել է, որ Ռուսաստանում նախատեսվում է ստեղծել ռուսաց լեզվի ուսումնասիրման կենտրոններ, որտեղ կարող են սովորել միգրանտների երեխաները. ենթադրաբար, դա կտևի երկու-երեք տարի:

Ավելի վաղ Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահ, ՌԴ կրթության նախկին նախարար Օլգա Վասիլևան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ միգրանտների երեխաներին ռուսաց լեզվի իմացության  թեստավորման մասին օրենքը շատ բանով կնպաստի կրթական ամբողջ համակարգի որակի բարձրացմանը:

 

  • Կիսվել: