ՌԴ-ն վերահաստատում է Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցության պատրաստակամությունը. Զախարովա
Ռուսաստանը վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ՌԽՖՍՀ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակով պայմանավորված հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ այդ պայմանագիրը հիմնարար փաստաթղթերից մեկն է, որը հիմք է հանդիսացել երկու պետությունների միջև ժամանակակից հարաբերություններին։
Զախարովան ասել է. ՛՛Վերահաստատում ենք բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցության ընդլայնման, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկայի, արդյունաբերության և ենթակառուցվածքների հեռանկարային նախագծերի իրականացման, մշակութային-հումանիտար փոխանակումների և մարդկային շփումների կատարելագործման պատրաստակամությունը՛՛:
Նրա խոսքով՝ ՛՛անցած հարյուր տարվա ընթացքում իր քաղաքական և պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն և սկզբունքներին հետևելը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների հետագա զարգացման գրավականն է՛՛: